Պատմական որոշում. Արթուր Վանեցյանը ընտրեց ուղղությունը

Իսպանացի հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կընդգրկվեն նաև երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի ֆիզպատրաստության համար:

Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին: Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում: 2008 թվականից՝ ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է: 2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը: Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ դարձել արծաթե մեդալակիր:

Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):

Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են՝ Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժերար Պիկեն, Իսկոն և այլք: Մինչ այս Մելենդեսն աշխատում էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ համակարգելով այս երկրի հավաքականները:

Նախօրեին Մելենդեսը խզել էր պայմանագիրը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Մելենդեսի նշանակումը անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ կարևորագույն որոշումներից մեկը կարելի է համարել, եթե ոչ՝ կարևորագույնը: Նման մակարդակի մասնագետ հայկական ֆուտբոլում երբևէ չէր եղել: Տարիներ շարունակ շատ է քննարկվել, թե որ ուղղությամբ պետք է զարգացնել հայկական ֆուտբոլը: Ցավոք, քննարկումներից բացի, վերջին 20 տարիներին որևէ քայլ ուղղակի չի արվել: Սկսենք նրանից, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նույնիսկ չի եղել տեխնիկական տնօրեն:

ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Արթուր Վանեցյանը ըստ էության ընտրեց ուղղությունը, որով պետք է զարգացնել ֆուտբոլը, և ընդունեց պատմական որոշում: Ժամանակակից ֆուտբոլում գոյություն ունեն մի քանի մոդելներ, որոնք ոչ միայն ճանաչված են և արդյունավետ, այլև օրինակելի Հայաստանի պես երկրների համար: Վանեցյանն ընտրեց իսպանական մոդելը, որը, կարծում ենք, ամենահարմարն է մեզ համար:

Հայ ֆուտբոլիստները մշտապես աչքի են ընկել տեխնիկական լավ տվյալներով: Տարիներ առաջ այս գործոնը շատ դեպքերում հաջողություն էր բերում, բայց ֆուտբոլը ժամանակին զուգընթաց զարգացավ, ու հիմա միայն լավ տեխնիկայով ոչնչի չես հասնի: Իսպանական ֆուտբոլում այսօր կարևորագույն բաղադրիչներից են տեխնիկական բարձր պատրաստվածությունը, գնդակի հետ վարվելու և վերահսկելու յուրատեսակ մեթոդիկան: Սրանք տեսանելի երևույթներ են, որոնք միլիոնավոր երկրպագուների հիացմունք են պատճառում: Նույն Իսպանիայի հավաքականի՝ գնդակը վերահսկելու կամ, ինչպես ընդունված է ասել, տիկի-տակա խաղի ընդերքում այն ահռելի աշխատանքն է, որը արվել է տարիների ընթացքում:

Այս տարվա դեկտեմբերին Մելենդեսը սեմինար էր անցկացրել հայ մարզիչների համար և ծանոթացել մեր ֆուտբոլի ենթակառուցվածքներին: Կարծում ենք՝ պարզ է, որ Մելենդեսի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը ընդունելու մեջ մեծ դեր է խաղացել մեր ֆուտբոլի փիլիսոփայությունը: Այսինքն՝ հանրահայտ մասնագետը տեսել է այն հողը, որը մշակելու դեպքում կարելի կլինի արդյունքի հասնել: Այս տարվա սեպտեմբերին, երբ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական տվեց, ՀՖՖ-ն բանակցեց մի շարք բարձրակարգ մասնագետների հետ: Նրանցից մի քանիսը ժամանեցին Երևան, սակայն ծանոթանալով մերոնց ցուցադրած արդյունքներին՝ հրաժարվեցին կրել պատասխանատվություն: Խոսվում էր, որ օտարերկրացի մասնագետներին Հայաստանի ազգային թիմում աշխատելուց հետ է պահել հատկապես պատանեկան հավաքականների գրանցած արդյունքները, որոնք իսկապես խայտառակ են:

Ուրախալի է, որ ծանոթանալով հայկական ֆուտբոլում տիրող վիճակին՝ Մելենդեսը պատասխանատվություն է վերցրել իր վրա, պատրաստակամություն հայտնել աշխատելու մեր երկրում: Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Մելենդեսի կողմից պայմանագրի խզումը պայմանավորված է անվանի մասնագետի նոր ծրագրերով:

«Այսօր կյանքիս ամենացավալի օրերից մեկն է: Ես հեռանում եմ վայրից, որը 17 տարի շարունակ եղել է իմ տունը: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել ֆեդերացիայի նախագահին իմ հանդեպ ունեցած հարգանքի ու վերաբերմունքի համար»,- ասել է Մելենդեսը:

Հեղինակ՝ Դավիթ Ջալալյան /1in.am/