Սառցակալած Ենիսեյի վրա «անվախ ռուս վարորդների» երթևեկությունը ցնցել է բրիտանացիներին

Բրիտանական Daily Mail պարբերականը ուշադրություն է հրավիրել Կրասնոյարսկից դեպի հարավ, Ենիսեյի սառույցների վրայով ավտոմեքենաների համար նախատեսված անցուղու մասին պատմող Reuters գործակալության ֆոտոռեպորտաժին:

Կադրերն արվել են այս տարվա մարտի 7-ին:

«Անվախ վարորդները կանոնավոր կերպով երթևեկում են վտանգավոր ձմեռային անցուղիով, աննկարագրելի բնապատկերների միջով»,- գրում է պարբերականը:

Վարորդներն անվրդով են թվում, չնայած ճանապարհի վտանգավորությանը, գրում է Daily Mail-ը. բրիտանացի լրագրողներին սարսափեցրել են սառույցի ճաքերը:

Ենիսեյի վրայով ավտոմեքենաների համար նախատեսված երկու անցուղի է գործում, որոնցով թույլատրվում է մինչև 25 տոննա ծանրությամբ բեռնափոխադրում: