Հայտարարվել են ամենամաքուր օդով երկրները

Եվրամիությունում ամենամաքուր օդով կարող է հպարտանալ Ֆինլանդիան, համաշխարհային վարկանիշում նրանից առաջ է անցել միայն Իսլանդիան: Բացի նրանցից, հնգյակ են մտել Էստոնիան, Շվեդիան և Ավստրալիան: Այդ մասին հայտնել է «Եվրո Պուլսը»:

Բնության պահպանության խոշորագույն միջազգային կազմակերպության և համակարգչային ծրագրեր մշակող ընկերության մասնագետները կատարել են հետազոտություն՝ ուսումնասիրելով օդի մաքրությունը 73 պետություններում: Փորձագետները գնահատել են, թե միջին հաշվով փոշու որքան միկրոմասնիկներ է պարունակում այս կամ այն երկրի քաղաքների օդը:

Դա օդի աղտոտման՝ մարդու համար ամենավտանգավոր տեսակներից մեկն է. շատ մանր չափի պատճառով մասնիկները խորը ներթափանցում են շնչուղիներ, նստում թոքերում, ինչն առաջացնում է առողջության հետ կապված խնդիրներ՝ ալերգիայից մինչև ուռուցքային հիվանդություններ, պարզաբանել են վերլուծաբանները: Ամենակեղտոտ օդն, ինչպես պարզվել է, Բանգլադեշում է, Պակիստանում և Հնդկաստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: