Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող զույգերը

Թվում է, թե շոու-բիզնեսի ներկայացուցիչների անձնական կյանքն ավելի է հետաքրքրում երկրպագուներին, քան ստեղծագործական նորությունները: Ով ում հետ ամուսնացավ, ով ումից բաժանվեց, ով ում է սիրում, ով ում է ատում… այս անձնական հարցերի շղթան կարելի է անվերջ շարունակել, թեեւ հայտնիները, սովորաբար, խուսափում են դրանց պատասխանները տալ՝ հայտարարելով՝ անձնականը նախընտրում են պահել գաղտնի եւ հանրության ուշադրությունից դուրս: Բայց դա նրանց չի փրկում սոցիալական ցանցերի ու մեդիայի քննարկումներից:

Positive-ը վերհիշել է 5 հայտնի զույգի, որոնց անձնական կյանքը անվերջ քննարկվում է համացանցում:

Ալինա Մարտիրոսյան եւ Կարեն Արայան

Այս զույգն ամուսնացել է 2016 թ-ին: Ալինայի ու Կարենի միությունը կարծես, թե երջանկացրել է թե դերասանուհու, թե նկարչի երկրպագուներին: Այդ ամենն ավելի ցայտուն երեւաց, երբ օրերս Կարենը հայտարարեց իր եւ Ալինայի բաժանության մասին: Շատ օգտատերեր ցավ եւ ափսոսանք հայտնեցին լուրի շուրջ, ոմանք էլ հրաժարվում էին հավատալ լուրի ճշմարտացիությանը, բայց բարեբախտաբար զույգի մոտ ամեն ինչ լավ ավարտվեց: Երեկ ուղիղ եթերի ժամանակ Կարենը հայտարարեց, որ ինքն ու Ալինան կրկին միասին են՝ շնորհակալություն հայտնելով ընլերներին եւ երկրպագուներին՝ իրենց սատարելու համար:

Մանո Գրիգորյան եւ Սարգիս Գրիգորյան

Դերասանական այս զույգին կարելի է համեմատել ներդաշնակության հետ: Ցանկացած առիթի թե Մանոն, թե Սարգիսն այնքան սիրով եւ հիացմունքով են խոսում միմյանց մասին, որ նրանցով չհիանալ, ուղղակի, անհնար է: Իսկ երեխաների հետ համատեղ ֆոտոշարքերը, հատկապես, սիրվում են զույգի երկրպագուների կողմից:

Լիլիթ Բաբասյան եւ Ալեքսանդր Բաբասյան

Լիլիթն ու Ալեքսանդրը մեր շոու-բիզնեսի, թերեւս, ամենաանկեղծ զույգերից են: Նրանց անկեղծությունն այնքան մեծ է, որ նրանք, նույնիսկ, շոու ծրագրերի ընթացքում են պատրաստ բարձրաձայնել իրենց հարաբերությունների թե լավ, թե վատ կողմերը: Այդ պատճառով էլ զույգի ցանկացած հարցազրույց արժանանում է երկրպագուների հետաքրքրությանը:

Սոֆյա Պողոսյան եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյան

Սոֆյան ու Աշոտն այն զույգերից են, որոնց սերը ձեւավորվել է հենց նկարահանման հրապարակում: Դերասանները բազմիցս մարմնավորել են սիրահար զույգերի, այդ է պատճառը, որ երկրպսգուիները սիրով ընդունեցին այն փաստը, որ իրենց սիրելի էկրանային զույգը միասին է նաեւ իրական կյանքում:

Մադոննա Հարությունյան եւ Սոս Ջանիբեկյան

Սոս Ջանիբեկյանն այն դերասաններից է, որի անձնական կանքը միշտ էլ եղել է մամուլի քննարկման կենտրոնում, այնպես որ՝ Մադոննան պետք է, որ պատրաստ լիներ այն փաստին, որ Սոսի կողքին հայտնվելուց հետո ինքը եւս անմասն չի մնա մեդիայի ուշադրությունից: Այսօր զույգի հրապարակած ցանկացած լուսանկար հայտնվում է ժամանցային կայքերում, իսկ երբ լուսանկարում նաեւ նրանց փոքրիկն է, այդ կադրն ամենասպասվածն է դառնում: