Ռևանշի հակառակ կողմը․ Ինչ է փոխվել Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականը ռևանշի հասավ Ջիբրալթարի նկատմամբ, նրա իսկ հարկի տակ հաղթելով 6:2 հաշվով: Երևանում այս նույն հավաքականին զիջել էինք 1:0 հաշվով, որը կարելի է ասել ճակատագրական էր Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆի ուղեգրի համար պայքարում: Մակեդոնիայի հավաքականը երեկ հյուրընալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ, ինչը նշանակում է, որ մերոնք 99 տոկոսով կորցրին հնարավորությունը ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու: Անհրաժեշտ է, որ վերջին տուրում նոյեմբերի 19-ին Մակեդոնիան սեփական հարկի տակ պարտվի Ջիբրալթարին, ինչը մեղմ ասած քիչ հավանական է:

Ունենք այն, ինչ ունենք և հիմա ժամանակը չէ անցյալի տխուր հուշերը վերապրելու: Ջիբրալթարի նկատմամբ տարած հաղթանակը կրկին անգամ հաստատեց երկու կարևոր արգումենտների առկայությունը: Հայաստանի հավաքականում իրավիճակ է փոխվել, և որ ունենք մտածող մարզիչ, ով կարծում ենք կարող է ստեղծել ուժեղ թիմ: Երեկ մերոնք խիստ անհաջող սկսեցին հանդիպումը և թվում էր թե մրցակիցը կրկին դրական արդյունքի կհասնի: Ջիբրալթարը փակել էր տարածությունները և փորձում էր ճնշում գործադրել: Բացառությամբ խփած գնդակի առաջին կեսում մեր ֆուտբոլիստները իրական գոլային պահ չստեղծեցին: Չափից շատ էին նաև սխալ փոխանցումները: Այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի հավաքականը ընդգծված պաշտպանողական ֆուտբոլ դավանող մրցակիցների դեմ ուղղակի անզոր է: Ստեղծված իրավիճակում բեկումնային էր Գյուլբուդաղյանցի տակտիկական փոփոխությունը: Ավելի ստույգ մեր ֆուտբոլիստները գրոհները սկսեցին զարգացնել ոչ թե կարճ, այլ երկար փոխանցումներով: Կարծում ենք եթե այս մարտավարությամբ մերոնք խաղային նաև Երևանում, այսօր մրցաշարային պատկերը բոլորովին այլ կլիներ: Կենտրոնական հարձակվող Յուրա Մովսիսյանն իր շուրջ էր հավաքում մրցակցի պաշտպաններին և օդային փոխանցումներից հետո մերոնք հիմնականում արդեն տուգանային հրապարակի մատույցներում տիրում էին գնդակին: Ջիբրալթարը ուղղակի պատրաստ չէր պայքարել նման խաղային տարբերակի դեմ:

Ընդգծենք նաև ենթահարձակվողի դիրքում Մխիթարյանին օգտագործելը, որը ևս առանցքային նշանակություն ունեցավ: Ջիբրալթարը պաշտպանողական ողջ ներուժը կենտրոնացրել էր Մխիթարյանի և Մովսիսյանի վրա, ինչի հետևանքով եզրերում շարունակ տարածություններ էին առաջանում: Մերոնք հատկապես լավ օգտագործեցին աջ եզրը, որտեղ խաղացին Կամո Հովհաննիսյանն ու Սարգիս Ադամյանը: Ճիշտ չի լինի ասել, որ Հայաստանի հավաքականը գերազանց հանդիպում անցկացրեց, բայց որ դրական քայլերն ակնհայտ էին, փաստ է: Վերջին հաղթանակների մեջ անչափ մեծ է Յուրա Մովսիսյանի դերը: Տարիներ շարունակ խաղում էինք առանց կենտրոնական հարձակվողի՝ ինչի հետևանքով ուղղակի տապալվում էինք: Մակեդոնիայի և հատկապես Ջիբրալթարի հետ հանդիպումը ցույց տվեց թե որքան կարևոր է նոմինալ կենտրոնական հարձակվող ունենալը: Մովսիսյանը մեծ ֆուտբոլիստ է և վստահաբար կարող ենք ասել, որ նա բոլոր ժամանակների Հայաստանի հավաքականի լավագույն հարձակվողն է: Առանձնացնենք նաև Ալեքսանդր Կարապետյանին, որը լրացրեց Մովսիսյանին: Այս հարձակվողը ևս բարձրահասակ է, ունի լավ ֆիզիկական տվյալներ և անխոս առաջիկայում կարող է օգտակար լինել մեր հավաքականի համար: Արմեն Գյուլբուդաղյանցը փորձում է 4-2-3-1 խաղային սխեմայում ձևավորել ընդգծված մոդել և կարծում ենք դա հաջողվում է:

Պաշտպանության եզրերում բավական արդյունավետ են գործում Գագիկ Դաղբաշյանն ու Կամո Հովհաննիսյանը: Որոշակի վերապահումով նույնը կարելի է ասել կիսապաշտպանության մասին: Խնդիրներ են առաջանում հենակետային դիրքում, որը կարծում ենք շտկելի է: Առանձնացնեք նաև ազգային թիմում նորամուտը նշած Արթուր Քարտաշյանին, որը խփեց մեր հավաքականի 5-րդ գոլը: Երիտասարդ այս ֆուտբոլիստն ունի մեծ մոտենցիալ, որը ճիշտ օգտագործելու դեպքում մոտ ապագայում կարող ենք ունենալ իսկապես բարձրակագ պաշտպան: Երկու օր անց մեր հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: Ցանկալի կլիներ, որ Գյուլբուդաղյանցն այս մրցավեճում խաղաժամանակ տրամարդեր մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Ալիկ Առաքելյանին: Հավաքականը երիտասարդացնելու առաջին քայլը հաջողված համարելով՝ պետք է կատարել նաև երկրորդ քայլը: Լիխտենշտեյնի հետ հանդիպումը մեզ համար առաջին հերթին կարևոր է ուժեղ հավաքականի կազմակերպելու գործընթացի տեսանկյունից:

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլին ընդառաջ պետք է համոզվենք, որ այս մրցաշարին մասնակցելու են «ոչ, կարևորը մասնակցությունն է» կարգախոսով: