Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ոչ ոք Ամանորը չի պատկերացնում առանց մանդարինների և նարինջների. ահա դրա պատճառը

Մարդկանց մեծամասնությունը չի կարողանում պատկերացնել Ամանորն ու Սուրբ ծնունդը առանց այս մրգերի։ Սակայն որտեղի՞ց է եկել այս սովորույթը։

Մենք գտել ենք երկու հավանական բացատրություններ այն բանի մասին, թե ինչու ենք մենք ամանորյա սեղանին պարտադիր կերպով մանդարիններ և նարինջներ դնում։

Տարբերակ 1. Ձմռանը թարմ մրգերը շքեղություն էին համարվում

Անցյալում, երբ չկային սուպերմարկետներ, որտեղից յուրաքանչյուրը տարատեսակ մրգեր կարող էր գնել, երեխաները ավելի քան ուրախ էին լինում, երբ ամանորյա գուլպայի միջից նարինջ կամ մանդարին էին գտնում։ Հարուստ ընտանիքներում անգամ տոնածառերն էին այդ մրգերով զարդարում, իսկ տոներից հետո երեխաները «մաքրազարդում էին» եղևնու վրայի մրգերը, կոնֆետները և քաղցրեղենը։

Եվ նույնիսկ 20-րդ դարում այս պտուղները որպես նվեր ստանալը մեծ հաջողություն էր համարվում, հատկապես հետպատերազմյան շրջանում։ Շիրլի Քոնրանի «Ժանյակը» վեպում կա մի հատված, որը հստակորեն ներկայացնում է այս տարբերակը. այնտեղ խոսվում է Քեյթ անունով մի աղջկա մասին, որը նվեր-գուլպայի մեջ նարինջ է գտել։ Նրա հայրը գնել էր միրգը ինչ-որ նավաստուց՝ թանկ գնով, քանի որ պատերազմից հետո Անգլիայում գրեթե հնարավոր չէր գտնել ո՛չ նարինջ, ո՛չ բանան, ո՛չ պաղպաղակ։ Քեյթն այդ նարինջը վայելել է մի ողջ օր, իսկ դրանից հետո մի շաբաթ շարունակ կճեպն է կրծել։

Տարբերակ 2. Մտաբերեք, թե ով է եղել Սանտա-Կլաուսի նախատիպը

Այս տարբերակն ամենայն հավանականությամբ հայտնի կլինի նրանց, ովքեր ծանոթ են ամենաառաջին Սանտա-Կլաուսի՝ սուրբ Նիկոլայի կյանքի պատմությանը։ Քրիստոնեության մեջ նա համարվում է երեխաների հովանավոր։ Մեզ է հասել նրա կենսագրությունը, որի մեջ այսպիսի մի պատմություն կար։

Երեք աղջիկների հայրը նրանց համար չէր կարողանում օժիտ հավաքել, այդ իսկ պատճառով ցանկացել է օգուտ քաղել նրանց գեղեցկությունից։ Այդպես էլ կլիներ, եթե չլիներ սուրբ Նիկոլայը։ Նա աննկատ կերպով ոսկով լի պարկ է նետել նրանց տուն պատուհանից կամ ծխնելույզից (տարբեր աղբյուրներում տարբեր կերպ է նշված)։ Ըստ լեգենդի՝ ոսկին ընկել է օջախի դիմաց՝ չորանալու համար կախված գուլպայի մեջ, որտեղից էլ առավոտյան գտել են այն։

Ուրախացած հայրը ամուսնացրել է իր դուստրերին, իսկ մարդկանց մոտ սովորույթ է առաջացել նվերների համար նախատեսված գուլպաներ կախել օջախի դիմաց և դրանց մեջ դնել նարինջներ ու մանդարիններ՝ որպես սուրբ Նիկոլայի նվիրաբերած ոսկու խորհրդանիշ։