«Ալիսա» ձայնային օգնականի՝ «ովքե՞ր են ադրբեջանցիները» հարցի պատասխանը՝ սկանդալի պատճառ

Ադրբեջանում խառնաշփոթի ալիք է բարձրացել «Յանդեքս» ռուսական որոնողական համակարգի «Ալիսա» ձայնային օգնականի պատճառով։ Համացանցում հայտնված տեսանյութը, որում «Ալիսա» ձայնային օգնականը պատասխանելով հարցին, թե «ովքե՞ր են ադրբեջանցիները», ասում է թե «Ադրբեջանը հայերի, պարսիկների, լեզգինների և վրացիների հողերում արհեստականորեն ստեղծված պետություն է և այն ստեղծվել է հայերի վերջնական ոչնչացման համար և, որ Ադրբեջանցիները որպես ազգ հայտնվել ենմիայն 1936 թվականին, մինչ այդ կոչվում էին անդրկովկասյան թաթարներ»՝ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Շամիլ Տագիևին դրդել է տեսաուղերձ հղել «Յանդեքսին»։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այդ բողոքից հետո այժմ հարցին, թե՝ «ովքե՞ր են ադրբեջանցիները», «Ալիսա» ձայնային օգնականը հաղորդում է տեղեկատվություն՝ Վիքպեդիայում Ադրբեջանի էջից, մինչդեռ մինչ այդ՝ պարզվել է, որ ձայնային օգնականը փոխանցել է համացանցում ամենաշատ տարածված տեղեկատվությունը՝ «Յանդեքս» որոնողական համակարգի գլխավոր հրապարակումներից:

«Ալիսա»-ն վիրտուալ ձայնային օգնական է, որն արտադրվել է «Յանդեքս» ընկերության կողմից։ Նմանակում է կենդանի երկխոսություն՝ ճանաչելով բնական խոսքը և հարցերին տալիս է պատասխաններ՝ դրանք բարձրաձայնելով կամ ցույց տալով էկրանի վրա։ «Ալիսա»-յի մասին հայտնի է դարձել 2017 թվականին։ «Ալիսան ստեղծվել է մարդկանց առօրյա խնդիրները լուծելու համար։ Նա կարող է համացանցում տեղեկություն գտնել, հուշել, թե որտեղ կարելի է ընթրել, վաղն ինչ եղանակ է լինելու և շատ այլ բաներ»,-ասել են «Յանդեքս» ընկերությունից։