Իդելական հոնքեր՝ մի քանի րոպեում

Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից և ձեվից: Հոնքերի ճիշտ ձևն արտահայտիչ է դարձնում աչքերը և թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով: Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձևը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին: Բայց կարևորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում Ձեր կերպարը:

Գաղտնիք չէ, որ դեմքի արտահայտությունը մեծ չափով կախված է հոնքերի ձևից: Կամարաձև հոնքերը երիտասարդացնում են դեմքը՝ տալով նրան պարզ տեսք: Խիտ և լայն հոնքերը խստացնում և նույնիսկ կոպտացնում են դեմքը: Շատ երկար հոնքերը, որոնք աչքերի արտաքին անկյուններում իջնում են կոպերի վրա, դեմքին տխուր արտահայտություն են տալիս և ծերացնում են այն:

Ինչպես ճիշտ հանել հոնքերը

Հոնքերի շտկումը նպատակ ունի դրանք ընդգծված դարձնել: Մեծ մասամբ հոնքերը բնականից շատ ներդաշնակ են դասավորված, որն ավելի վառ է արտահայտվում դրանց շտկումից հետո: Իհարկե խելամիտ կլինի հոնքերի շտկումն իրականացնել գեղեցկության սրահում կամ գոնե խորհրդակցել դիմահարդարի հետ:

Հոնքերի ձևի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձեվից: Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձեվ հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաև՝ մի փոքր կամարաձև: Կլոր դեմքի դեպքում հոնքերը շտկելիս նախընտրելի են վերև ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը:

Հոնքերը շտկելիս կարևոր է ուշադրություն դարձնել նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն և ավարտվեն կոնկրետ կետերում: Որպեսզի որոշենք հոնքերի սկիզբը, պետք է մատիտը պահենք քթի թեվն ու աչքի ներսային անկյունը միացնող գծի երկայնքով: Այս գծի շարունակության վրա՝ վերևում հենց գտնվում է ունքի սկիզբը:

Ունքի ամենաբարձր կետը պետք է լինի վերին շրթունքի կենտրոնից աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրը որոշելու համար մատիտը տեղադրում են քթի ռունգից մինչև աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: Ունքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն:

Հոնքերի ձևի շտկման համար օգտագործում են լավ պինցետ, փոքրիկ խոզանակ՝ հեռացված մազերը թափ տալու համար, և բամբակե գնդիկներ: Ձեռքերը պետք է մաքուր լինեն, դրա համար լվացվեք օճառով, իսկ պինցետը մաքրեք սպիրտով:

Հոնքերի շտկման ժամանակ մաշկը մի փոքր ձգած պահեք:

Մազերը քաշում են հոնքի ներսային մասից դեպի դուրս՝ մազերի աճի ուղղությամբ, պլանավորվող եզրագծի սահմաններից դուրս: Որքան բարձր են տեղակայված հոնքերը, այնքան աչքերն ավելի մեծ են թվում, և այնքան ընդհանուր առմամբ գեղեցիկ է դեմքը: Դրա համար կարիք չկա մազերը հեռացնել հոնքերի վերին եզրից՝ նույնիսկ այն դեպքում, երբ որոշել եք հոնքերը բարակացնել անթերի տեսք տալու համար:

Ավարտելով հոնքերի շտկման գործողությունը, մաշկը մաքրում են սպիրտային լոսյոնով թրջած բամբակե գնդիկով:

Հոնքերի ձևը շտկելիս, ցավը մեղմացնելու համար, կարելի է այս գործողությունից հինգ րոպե առաջ ունքին դնել տաք ջրով կամ նույնիսկ ցավազրկող նյութով (բենզոկայինով) թրջած բամբակե գլանակ: Իսկ վերջում, կարմրությունը հանելու համար, դրեք սառը ջրով թրջած բամբակե գլանակ:

Երբ հոնքերի շտկումն ավարտված է, կարելի է օգտվել նաև տարբեր կոսմետիկ միջոցներից հոնքերի ձևը ֆիքսելու և ցանկալի գույն տալու համար: Դրա համար օգտվում են ֆիքսող գելերից, շտկող մատիտներից, փոշիներից կամ ստվերաներկերից: Մատիտն ու ստվերաներկը պետք է լինի Ձեր մազերի գույնի կամ մի տոն մուգ:

Հոնքերը մատիտով ներկելիս հետեվեք հետևյալ կանոններին. պետք չէ տանել մեկ ուղիղ գիծ հոնքերի երկայնքով, ավելի լավ է սրածայր մատիտով մի քանի թեթեվ շեշտ անեք, որոնք կնմանվեն մազիկներին: Նոսր ունքերը ներկեք տուշով՝ մազերի աճման ուղղությամբ: Բայց այստեղ էլ պետք է չափի մեջ լինել, խիստ ներկված ունքերը դեմքը վուլգառ են դարձնում:

Հոնքերը ֆիքսելու համար պետք կգան հատուկ գելեր: Դրանք լինում են կոմպակտ տուփերով, որի հետ խոզանակ կա: Բավական է հանել գելով խոզանակը և սանրելու հետ մեկտեղ հոնքերին ցանկալի տեսք տալ: Անգույն գելերը մուգ հոնքերին փայլ են տալիս եվ ֆիքսում են նրանց ձեվը: Գունավոր գելերն օգնում են ներկել բաց հոնքերը:

Բաց հոնքերը կարելի է ներկել քիմիական ներկով, արդյունքը կպահպանվի մոտ մեկ ամիս: Կոսմետոլոգն իհարկե դա բոլորից լավ կանի, նրա օգտագործած ներկերն ավելի երկար են պահպանվում, քանի որ գեղեցկության սրահների համար նախատեսված ներկերն ավելի շատ ջրածնի պերօքսիդ են պարունակում:

Հոնքերի ձեվի շտկման ամենաարմատական մեթոդը մշտական դիմահարդարումն է՝ դաջվածքը: Նրա գույնից և խորությունից կախված է, թե որքան կմնան նկարված հոնքերը՝ վեց ամսից մինչև երեք տարի: Սա հիանալի ելք է բարակ և նոսր հոնքերի դեպքում, դաջվածքը նմանվում է իրական մազիկներին:

Հոնքերի շտկման ինչ մեթոդ էլ ընտրեք, հիշեք, որ ժամանակակից նորաձևությունը հոնքերի ձեվի համար խիստ կանոններ չի թելադրում: Դրա համար հոնքերի ձևը շտկելիս ճիշտ կլինի հավատարիմ մնաք գեղեցկության մասին սեփական պատկերացումներին և օգտվեք մասնագետի ծառայությունից: