Ես կոչնչանամ ռեստորանում, իմ ակադեմիական տեսակը կմեռնի. Էմմա Պետրոսյան

«Ե՛վ կողմ եմ, և՛ դեմ. կողմ եմ, երբ կան շատ սրճարաններ, ակտիվ շփումներ, մտորումներ…, մյուս կողմից՝ դեմ եմ, երբ չափն անցնում են քանակի առումով և սրճարաններում անճաշակ երաժշտություն է հնչում, սա արդեն ուրիշ մշակույթ է բերում՝ ոչ հաճելի, ոչ գեղեցիկ, զրուցակցիդ չես լսում, պիտի բղավես, ու չես հասկանում, ինչի համար է այդ երաժշտության պրոպագանդան: Ինձ համար կարևոր է Օպերային հարակից տարածքի խաղաղությունը, հարմոնիան, իսկապես չափն անցած էր և՛ աղմուկի առումով, և՛ անճաշակության,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը՝ ընդգծելով, որ այն ինչ քանդվում է մեր երկրում, ցավ է պատճառում, բայց այն, ինչ անճաշակ է, պիտի քանդվի:

«Իրական արվեստագետը երբեք չի կարող ընտրել՝ ընդդիմադիր է, թե ընդդիմադիր չէ ունկնդիրը… Երբ ես կանգնած եմ բեմում, փակ են իմ աչքերը և բաց է իմ հոգին,ես չեմ կարող ընտրել և հասարակությանը բաժանել շերտերի, որովհետև ես սիրում եմ մարդուն, ինձ համար մարդն է կարևոր: Այլ խնդիր է, որ նախկին ղեկավարները կարող էին ընտրել իրենց համար կարևոր մարդկանց, ովքեր պետք էին իրենց: Ես նախկինում երգել եմ բազմաթիվ կառավարական համերգներում, և երգել եմ մեծ սիրով և հարգանքով: Օրինակ՝ երկու տարի առաջ մենք տոնեցինք Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, նա ներկա էր դահլիճում, ինձ համար մեծ պատիվ էր երգել նրա առաջ, իմ արցունքները գնում էին, և ինձ համար միևնույն էր՝ ով էր ինձ հրավիրել: Ես ապրում եմ արվեստով, երաժշտությունն իմ ներսում է… Բիզնեսը բարդ և մի քիչ էլ կեղտոտ տարածք է: Բիզնեսն իր մսաղացի մեջ կարող է աղալ շատ-շատ արժանիների, որոնք կուրորեն հայտնվեցին այնտեղ, որտեղ չպիտի լինեին, դարձան պալատական… Երբ հարցրել եմ՝ ինչո՞ւ ես անում, հնչել է պատասխան՝ իսկ ինչպե՞ս ապրեմ: Այս պատասխանը զարմանք է առաջացրել, մի՞թե ես չեմ ապրում, մի՞թե չեն ապրում հազարավոր մարդիկ, որոնք հեռու են այն ճանապարհից, որը տանում է դեպի կառավարություն…»,- նշեց Էմմա Պետրոսյանը: – Ես կոչնչանամ ռեստորանում, իմ ակադեմիական տեսակը կմեռնի»:

Մանրամասն՝ տեսանյութում: