«Ահա այս կինը, 30 տարեկան է, երեխաներ չունի». մտքեր` այն մասին, թե որքան կույր ենք մենք ուրիշների զգացմունքների նկատմամբ

Երբեմն մենք ուրիշներին ինչ–որ բաներ ենք ասում, որոնք մեզ համար ոչ մի նշանակություն չունեն, ասում ենք հենց այնպես, լռությունը խախտելու համար, պարզապես ինչ–որ բան ասած լինելու համար։ Եվ չենք էլ կռահում, թե ինչպես են դրանք ընկալվում։ Գրող Նադիրա Անժելը (Nadirah Angail) իր բլոգում մի շատ կարևոր տեքստ է հրապարակել, թե ինչպես մենք աննկատ կարող ենք վիրավորել մարդուն, որն ապրում է իր թաքուն ցավով։ Նա մեզ կոչ է անում ավելի ուշադիր և զգոն լինել։

Positive-ը ներկայացնում է Նադիրայի տեքստը, որը չի կարող խորը հույզեր չառաջացնել ընթերցողների մոտ։

Ահա այս կինը, 30 տարեկան է, երեխաներ չունի։ Մարդիկ հարցնում են նրան. «Մինչև հիմա երեխաներ չունե՞ս»։ Եվ նա օրեցօր, կեղծ ժպիտ դնելով դեմքին, նոր պատասխաններ է մտածում։ «Չէ, դեռ չէ»,– պատասխանում է՝ խեղդելով հուսահատությունը։ «Պետք չէ շատ սպասել, ժամանակն անցնում է»,– ասում են շրջապատում, վստահ լինելով, որ ճիշտ ուղղու վրա են դրել նրան։ Նա ժպտում է, և լաց է լինում, երբ մենակ է մնում։

Լաց է լինում, որովհետև բոլոր չորս հղիություններն էլ վիժումներով են ավարտվել։ Որովհետև արդեն հինգ տարի է, ինչ նրանք ամուսնու հետ տառապում են։ Լաց է լինում, որովհետև ամուսինը նախորդ ամուսնությունից արդեն ունի երեխաներ, և իրեն միևնույնն է, հիմա կունենա, թե ոչ։ Լաց է լինում, որովհետև արտամարմնային բեղմնավորման համար (ЭКО) բավարար գումար չունի։ Լաց է լինում, որովհետև արդեն մի քանի անգամ դա էլ է փորձել, բայց անարդյունք։ Լաց է լինում, որովհետև ընկերուհին չի համաձայնել փոխնակ մայր դառնալ։

Լաց է լինում, որովհետև ինքը հրաշալի մայր կլիներ։ Կլիներ... բայց չի...

Ահա մի ուրիշ կին, 34 տարեկան, 5 երեխա ունի։ Մարդիկ ասում են. «Աստված իմ, հուսով եմ կանգ կառնեք»։ Եվ ծիծաղում են, քանի որ դա կատակի նման է։ Կինը նույնպես ծիծաղում է և փոխում թեման։ Իսկ հաջորդ օրը լաց է լինում, լաց է լինում, որովհետև էլի հղի է և զգում է, որ պետք է թաքցնի ուրախությունը։ Լաց է լինում, որովհետև միշտ մեծ ընտանիք է ցանկացել և չի հասկանում, թե ինչու է դա ուրիշներին այդքան անհանգստացնում։ Լաց է լինում, որովհետև քույր և եղբայր չի ունեցել և իրեն միշտ միայնակ է զգացել։ Լաց է լինում, որովհետև չի պատկերացնում կյանքն առանց իր երեխաների, իսկ ուրիշներին դա պատիժ է թվում։ Լաց է լինում մարդկանց անտակտ վերաբերմունքի պատճառով, որոնք խառնվում են իր անձնական կյանքին։

Ահա ևս մի կին, 40 տարեկան, մեկ երեխա ունի։ Մարդիկ ասում են. «Ընդամենը մե՞կը։ Մի՞թե երբեք ավել երեխա չեք ցանկացել»։ «Ես այսպես էլ եմ երջանիկ»,– հանգիստ պատախանում է նա։ Եվ ոչ ոք չի էլ կասկածում, որ երբ մենակ է մնում, նա լաց է լինում։ Քանի որ իր միակ երեխայի ծնունդը հրաշք էր։ Քանի որ տղան քույր կամ եղբայր է խնդրում։ Լաց է լինում, քանի որ իր երկրորդ հղիությունը ստիպված եղան ընդհատել, որպեսզի փրկեն իրա կյանքը։ Լաց է լինում, քանի որ միշտ առնվազն երեք երեխա է ցանկացել։ Լաց է լինում, որովհետև բժիշկն ասում է, որ երկրորդ հղիությունը մեծ ռիսկ է։ Լաց է լինում, որովհետև մի երեխային էլ դժվարությամբ է պահում։ Լաց է լինում, որովհետև ամուսինը մահացել է, իսկ ուրիշ տղամարդու չի հանդիպել; Լաց է լինում, որովհետև իր ընտանիքը կարծում է, որ մեկ երեխան էլ իրեն բավական է։ Լաց է լինում, որովհետև հիմա կարիերայի մասին է մտածում և երեխաների ժամանակ չունի։ Լաց է լինում, որովհետև արգանդը հեռացված է։

Այս կանայք մեր մեջ են։ Նրանք մեր հարևաններն են, ընկերները, քույրերը, գործընկերներն ու բարեկամները։ Նրանք մեր կարծիքի ու խորհուրդների կարիքը չունեն, քանի դեռ իրենք մեզ չեն խնդրել այդ մասին։ Նրանց անձնական կյանքը մեզ չի վերաբերում։ Եկեք հարգենք այս կանանց։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին