Կարդացեք հաճույքով․ «Կինը շատ ծեր էր․ ամենայն հավանականությամբ նա մոտ 90 տարեկան էր»

Positive-ը այսօր մի հետաքրքիր պատմություն է ներկայացնում, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի։

Կինը շատ ծեր էր, մոտ իննսուն տարեկան։ Ես այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան էի։ Մեր պատահական հանդիպումը տեղի ունեցավ Դնեպրի ձախ ափին։

Արևոտ ամառային օր էր, 1952 թվականն էր։ Ես ընկերներիս հետ ֆուտբոլ էի խաղում հենց լողափի ավազների վրա։

Ծեր կինը, ծաղկավոր, մինչև կոճերը հասնող սարաֆանով, պառկած էր ստվերում, կտորից հովանոցի տակ և գիրք էր կարդում։ Հանկարծ գնդակը ողջ թափով հարվածեց կնոջ հովանոցին, այն ցած ընկավ՝ իր տակ թողնելով խեղճ տատիկին։

Ես սարսափած էի։ Ես վազեցի նրա մոտ, արագ բարձրացրեցի հովանոցը և ձեռքս մեկնեցի կնոջը․

—Տատիկ, կներեք,- ասացի ես՝ օգնելով նրան ոտքի կանգնել։

—Ես ձեզ համար տատիկ չեմ, երիտասարդ,- ասաց նա հանգիստ պատկառելի ձայնով՝ սարաֆանի վրայից թափ տալով ավազը։

—Խնդրում եմ, ինձ տատիկ մի ասեք։ Փոխադարձ շփման համար, երիտասարդ, գոյություն ունեն անուններ։ Իմ անունը Աննա Նիկոլաևնա Վորոնցովա է։

Ես ցնցված էի կնոջ խոսքի վերամբարձ ոճից։ Այս ծեր կինը ակնհայտորեն տարօրինակ կերպար էր։ Եվ բացի այդ, նա շատ հնչեղ անուն ուներ՝ Վորոնցովա։ Ես կարդացած տղա էի և իհարկե գիտեի, որ այս անունը պատկանում էր նախահեղափոխական Ռուսաստանի ազնվականներին։ Ես երբեք չէի լսել նման ազգանունով հասարակ մարդկանց մասին։

— Կներեք, Աննա Նիկոլաևնա։

Նա ժպտաց։

— Ինձ թվում է դուq լավ երիտասարդ եք, - ասաց նա։ — Ի՞նչ է ձեր անունը։

— Ալեքսեյ, Ալյոշա։

— Հրաշալի անուն է, Աննա Կարենինայի սիրելիի անունն էլ էր Ալեքսեյ։

Աննա Նիկոլաևնան բարձրացրեց ավազի մեջ ընկած գիրքը, դա «Աննա Կարենինան էր»։ — Նրանց սերը ողբերգական էր և արդյունքը նրա մահը եղավ։ Դուք Տոլստոյ կարդացե՞լ եք։

— Իհարկե,-ասացի ես և հպարտորեն ավելացրեցի․ — ես ռուս բոլոր դասականներին եմ կարդացել՝ Պուշկինից մինչև Չեխով։

— Շատ տարիներ առաջ, դեռ նախքան հեղափոխությունը, ես ծանոթ էի շատ ռուս ազնվականների հետ, որոնց Տոլստոյն իր վեպերի հերոսներն էր դարձրել, - հանկարծ ասաց Աննա Նիկոլաևնան։

Ժամանակակից ընթերցողին, կարծում եմ, դժվար կլինի պատկերացնել այն երկակի զգացումները, որ ես ունեցա այդ պահին՝ լսելով նրա խոսքերը։ Չէ որ ես իսկական կոմերիտական էր, որը գիտեր, որ ռուս ազնվականները աշխատավոր ժողովրդի ոխերիմ թշնամիներն են եղել, ատելի սպիտակգվարդիականներ, Ռուսաստանի դավաճաններ։ Իսկ հիմա այս կինը, ժպտալով ու համարձակ, ինձ ասում է, որ ինքը ծանոթ է եղել նրանց հետ։

Առաջինը, որ ուզեցա անել, այդ տարօրինակ և անգամ վտանգավոր ծանոթությունն ընդհատելն ու իմ ընկերնեի մոտ վերադառնալն էր, սակայն հետաքրքրասիրությունս հաղթեց և ես, ցածրաձայն հարցրեցի․

— Աննա Նիկոլաևնա, Վորոնցովները, կարծում եմ, իշխաններ էին, չէ՞։

Նա ծիծաղեց։

— Ոչ, Ալյոշա, իմ հայրը՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչը, կոմս էր։

— Լյոշկա, - սկսեցին կանչել ընկերներս, — ի՞նչ ես անում այդտեղ, խաղալո՞ւ ես, թե՝ ոչ։

— Չէ՜, - բղավեցի ես։

— Նրան հանգիստ թողեք,- հայտարարեց ընկերներիցս մեկը, — նա իրեն ընկերուհի է գտել։ Եվ նրանք բոլորը ծիծաղեցին։

Կինը նույնպես ծիծաղեց։

— Ես մի քիչ ծեր եմ ինչ-որ մեկի ընկերուհին լինելու համար,- ասաց նա, և ես նրա արտասանության մեջ թեթև ֆրանսիական շեշտադրություն նկատեցի։ — Ընկերուհի ունե՞ք, Ալյոշա, սիրահարվա՞ծ եք։

Ես շփոթվեցի։

— Ոչ,- ասացի ես, — ես դեռ ընդամենը 17 տարեկան եմ և դեռ երբեք սիրահարված չեմ եղել, ճիշտն ասած։

— Ապրեք,-ասաց Աննա Նիկոլաևնան, - դուք դեռ շատ երիտասարդ եք հասկանալու համար, թե ինչ է իսկական սերը։ Այն կարող է վտանգավոր, տարօրինակ և անկանխատեսելի լինել։ Երբ ես ձեր տարիքին էի, ես գրեթե սիրահարվեցի մի տղամարդու, որն ինձանից 48 տարով մեծ էր։ Դա իմ կյանքում ամենասարսափելի հանդիպումն էր։ Փառք Աստծո, որ այն ընդամենը 3 ժամ տևեց։

Ես զգացի, որ այս ծեր կին է ուր որ է ինձ ինչ-որ զարմանալի ու ողբերգական պատմություն է պատմելու։ Մենք արդեն նստած էինք նրա հովանոցի տակ և խնձոր էինք ուտում։

—Աննա Նիկոլաևնա, գիտեք, ես արտասահմանյան շեշտադրություն նկատեցի ձեր խոսքում։ Դա ֆրանսիակա՞նն է։

Նա ժպտաց։

— Այո, իհարկե, ֆրանսերենն ինձ համար մայրենիի նման է, ինչպես ռուսերենը։ Այն մարդը, որին ես գրեթե սիրահարվել էի, նույնպես նկատեց իմ շեշտը։

Նա մի քանի րոպե լռեց, հետո ավելացրեց․

— Դա տեղի ունեցավ 1877 թվականին, Փարիզում։ Ես այդ ժամանակ 17 տարեկան էի, նա՝ 65․․․

․․․Նա շատ գեղեցիկ էր, թերևս բոլոր տղամարդկանցից ամենագեղեցիկը, ում ես հանդիպել եմ նախքան նրան և նրանից հետո։ Ես չգիտեի, թե քանի տարեկան է նա, բայց նա երիտասարդ էր երևում և ինձ միջին տարիքի թվաց։ Մեր ծանոթության առաջին իսկ վայրկյանից ինձ պարզ դարձավ, որ նա խելացի, կիրթ և հմայիչ մարդ էր։ Փարիզում Սուրբ Ծննդյան նախօրեն էր։ Հայրս, կոմս Նիկոլայ Վորոնցովը, այդ ժամանակ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանն էր և զարմանալի չէր, որ նրան ընտանիքի հետ միասին հրավիրել էի Սուրբ Ծննդյան միջոցառմանը՝ Արտգործնախարարության շենքում։

Եվ ահա, նա ինձ պարի հրավիրեց, հետո նորից ու նորից․․․Մենք պարում էինք, զրուցում, ծիծաղում ու կատակում, և գնալով ես հասկանում էի, որ առաջին անգամ հանդիպել եմ մի տղամարդու, որն իմ մեջ մշուշոտ, բայց սիրո հրաշալի կանխազգացում էր արթնացրել։

Բնականաբար, մենք ֆրանսերեն էինք խոսում։ Ես արդեն գիտեի, որ նրա անունը Ժորժ է, և որ նա ֆրանսիական խորհրդարանի սենատորներից էր։ Մենք հանգստանում էինք բազկաթոռների վրա, վալսի խելահեղ պտույտներից հետո, երբ նա ինձ տվեց այն նույն հարցը, Ալյոշա, ինչ դուք տվեցիք։

— Աննա, - ասաց նա, - դուք ինչ-որ տարօրինակ արտասանություն ունեք։ Դուք գերմանուհի՞ եք։

Ես ծիծաղեցի։

— Հոլանդուհի՞, շվե՞դ, հո՞ւյն, իսպանուհի՞ , - հարցնում էր նա։

— Ոչ, ասացի ես, - ես ռուս եմ։

Նա կտրուկ շրջվեց և դեմքի տարօրինակ արտահայտությամբ նայեց ինձ․ նա շփոթված էր, հուզված։

— Ի դեպ, ասացի ես, - ես չգիտեմ ձեր ազգանունը, Ժորժ։ Ո՞վ եք դուք, առեղծվածային անծանոթ։

Նա լռեց, կարծես մտքերը հավաքելով, իսկ հետո ձայնը ցածրացնելով ասաց․

— Ես չեմ կարող ձեզ ասել իմ ազգանունը, Աննա, մի հարցրեք, մի փորձեք իմանալ։

Մենք մի քանի րոպե վիճում էինք։ Ես պնդում էի, որ նա ասի։ Նա հրաժարվում էր։

— Աննա, - ասաց նա, - մի խնդրեք։ Եթե ես ձեզ ասեմ իմ ազգանունը, դուք անմիջապես ոտքի կկանգնեք և կլքեզ այս դահլիճը, և ես ձեզ այլևս երբեք չեմ տեսնի։

— Ոչ, ոչ,- բացականչեցի ես։

— Հավատացեք ինձ, Աննա։

— Երդվում եմ, ինչ էլ որ պատահի, ես ձեր ընկերը կմնամ։

— Մի երդվեք, Աննա, հետ վերցրեք ձեր երդումը, խնդրում եմ ձեզ։

Այս խոսքերն ասելով՝ նա դեպի պատը շրջվեց և հազիվ լսելի ձայնով ասաց․

— Իմ անունը Ժորժ Դանտես է։ Քառասուն տարի առաջ ես մենամարտում սպանել եմ Պուշկինին․․․

Նա շրջվեց դեպի ինձ։ Նրա դեմքը փոխվել էր։ Դա կարծես հանկարծ ծերացած մարդ լիներ, աչքերի տակ սև շրջանակներ էին հայտնվել, ճակատը կնճռոտել էր, աչքերն արցունքներով էին լցված․․․

Ես սարսափահար նայում էի նրան։ Միթե այս մարդը, որն իմ կողքին նստած էր, ռուս գրականության հանճարին սպանողն էր։ Ես հանկարծ սուր ծակոց զգացի սրտումս։ Մի՞թե դա հնարավոր է։ Այս մարդը, ում գրկում ես պտտվում էի քսան րոպե առաջ, այս հմայիչ մարդը անողոքաբար ընդհատել է լեգենդար Ալեքսանդր Պուշկինի կյանքը։

Ես ձեռքս քաշեցի նրա ափի միջից և արագ վեր կացա։ Առանց մի խոսք ասելու, ես շրջվեցի և դուրս վազեցի դահլիճից, աստիճաններով ներքև իջա և փողոց վազեցի։ Ես լաց էի լինում։ Ես զգում էի նրա աջ ձեռքը, որ քնքշորեն գրկել էր գոտկատեղս վալսի ժամանակ, այն նույն ձեռքը, որն ատրճանակն ուղղել էր Պուշկինի վրա․․․ Ես անզուսպ հեկեկում էի․․․

․․․Մի քանի օր անց ես Դանտեսից նամակ ստացա։ Կուզեի՞ք տեսնել այդ նամակը, Ալյոշա։ Երկուշաբթի կեսօրին եկեք ինձ մոտ թեյ խմելու և ես ձեզ այն ցույց կտամ։ Եվ հարյուրավոր հազվագյուտ գրքեր և տասնյակ հիասքանչ կտավներ։

* * *

Երեք օրից ես թակեցի նրա տան դուռը։ Ինձ մոտ 60 տարեկան մի տղամարդ դիմավորեց։

— Դուք Այոշա՞ն եք,- հարցրեց նա։

— Այո։

— Աննա Նիկոլաևնան հիվանդանոցում է ծանր թոքաբորբով։ Ես նրա որդին եմ։ Նա խնդրեց ձեզ փոխանցել այս նամակը։ Եվ նա մեկնեց ինձ ծրարը։ Ես գնացի հարևան պուրակը, որտեղ երեք օր առաջ լսել էի 17 տարեկան աղջկա հետ հեռավոր Փարիզում տեղի ունեցած պատմությունը՝ 75 տարի առաջ։ Ես բացեցի ծրարը և երկու թուղթ հանեցի։ Մեկը դեղնավուն էր, հնությունից խունացած մի թերթիկ՝ ֆրանսերեն անհասկանալի տողերով։ Մյուսը ռուսերեն էր՝ գրված դողդոջուն ծերունական ձեռքով։ Դա տեքստի թարգմանությունն էր։ Ես կարդացի․

Փարիզ, 30 դեկտեմբերի, 1877 թվական

Թանկագին Աննա,

Ես ներողություն չեմ խնդրում, քանի որ ոչ մի ներողություն, թեկուզ ամենաանկեղծը, չի կարող ջնջել այն սարսափելի հանցագործությունը, որ ես արել եմ քառասուն տարի առաջ, երբ իմ զոհը՝ հանճարեղ Ալեքսանդր Պուշկինը, երեսունյոթ տարեկան էր, իսկ ես ընդամենը՝ քսանհինգ։ Քառասուն տարի՝ 14600 օր ու գիշեր, ես ապրում եմ այդ անտանելի բեռով։ Հնարավոր չէ հաշվել այն գիշերները, երբ նա հայտնվում էր՝ ողջ կամ մեռած, իմ երազներում։ Իր կյանքի երեսունյոթ տարիների ընթացքում նա բանաստեղծությունների, պոեմների, հեքիաթների ու դրամաների հսկայական աշխարհ է ստեղծել։ Մեծագույն կոմպոզիտորները օպերաներ են գրել նրա ստեղծագործությունների հիման վրա։ Եթե նա երեսունյոթ տարի էլ ապրեր, կկրկնապատկեր այդ հիասքանչ աշխարհը, բայց նա դա չարեց, քանի որ ես սպանեցի նրան և նրա հետ մեկտեղ վերացրեցի նրա ապագա ստեղծագործությունները։

Ես վաթսունհինգ տարեկան եմ և լիովին առողջ եմ։ Ես համոզված եմ, Աննա, որ Աստված է ինձ երկար կյանք տվել, որպեսզի ես մշտապես տանջվեմ այն սարսափելի գիտակցումից, որ ես սառնասիրտ մարդասպան եմ։

Մնաք բարյավ, Աննա։

Ժորժ Դանտես

Հ․Գ․ Ես գիտեմ, որ մարդկության բարօրության համար ավելի լավ կլիներ, եթե ես մահանայի, ոչ թե նա։ Բայց մի՞թե հնարավոր է, գտնվելով մենամարտի դաշտում և պատրաստվելով մահվան, մտածել մարդկության մասին։

Ժ․ Դ․

Նրա ստորագրության ներքևում, նույն դողդոջուն ձեռագրով գրություն կար․

Սենատոր և Պատվավոր լեգիոնի շքանշանակիր Ժորժ Դանտեսը մահացել է 1895 թվականին, խաղաղ, իր տանը, շրջապատված երեխաներով ու թոռներով։ Նա 83 տարեկան էր։

* * *

Կոմսուհի Աննա Նիկոլաևնա Վորոնցովան մահացավ 1952 թվականին, մեր հանդիպումից տասն օր անց։ Նա 92 տարեկան էր։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին