5 համեղագույն սոուս մակարոնեղենի համար

Մակարոնը շատերիս սիրելի ուտեստներից է։ Սակայն իհարկե, այն ավելի համեղ և բազմազան դարձնելու համար անհրաժեշտ են սոուսներ։ Այսօր ձեզ ենք ներկայացնում 5 համեղ սոուսների բաղադրատոմսեր, որոնք հրաշալի համ և տրամադրություն կհաղորդեն ձեր ուտեստին։

Սոուս «Բոլոնյեզե»

Անհրաժեշտ բաղադրիչներ

◆ 250 գրամ տավարի խճողակ

◆ 8 հատ թարմ լոլիկ

◆ 1 պճեղ սխտոր

◆ 100 գրամ քերած պանիր (Պարմեզան)

◆ 1/2 բաժակ կարմիր գինի

◆ Ռեհան․ օրեգանո, սև պղպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Տավարի խճողակը տապակում ենք ձիթայուղով։ Ավելացնում ենք գինին, եփում այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա։

2. Ավելացնում ենք խորանարդիկներով կտրատած կեղևահան լոլիկը։ Լավ խառնում ենք ցածր կրակի վրա 25-30 րոպե։

3. Ավելացնում ենք ճզմած սխտորը, ռեհանը, օրեգանոն, սև պղպեղը, շոգեխաշում ենք ևս 10 րոպե։

4. Սոուսն ավելացնում ենք մակարոնի վրա և վրայից քերած պանիր ենք լցնում։

Սնկով և խոզի մսով պանրա-սերուցքային սոուս

Անհրաժեշտ բաղադրիչներ

◆ 500 գրամ սունկ

◆ 500 գրամ խոզի միս

◆ 200 գրամ քերած պանիր

◆ 200 մլ սերուցք (20% յուղայնության)

◆ 1 բաժակ սպիտակ գինի

◆ 1 գլուխ սոխ

◆ 4-5 պճեղ սխտոր

◆ Աղ

◆ Պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Մանր կտրատում ենք սոխը և սխտորը, միսը կտրում ենք խոշոր խորանարդիկներով, սունկը՝ ձողիկներով։ Տապակում ենք թավայի մեջ բուսայուղով բոլորն իրար հետ՝ մինչև ոսկեգույն կդառնան։

2. Այս ամենն ավելացնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք գինին և քիչ ջուր։ Մի քիչ շոգեխաշում ենք, ավելացնում ենք սերուցքը և քերած պանիրը։ Եփում ենք մինչև միսը պատրաստ կլինի։

Պանրային սոուս

Անհրաժեշտ բաղադրիչներ

◆ 50 մլ սերուցք

◆ 200 գրամ հալած պանիր

◆ 1/2 թ․գ․ պղպեղների խառնուրդ

◆ 1/2 թ․գ․ չորացրած ռեհան

◆ Մի պտղունց կոճապղպեղ և մշկընկույզ

◆ 2-3 պճեղ սխտոր

◆ Աղ

Պատրաստման եղանակը

1. Մանր խորանարդիկներով կտրատեք պանիրը։

2. Պանիրի հետ խառնեք սերուցքը և հալեցրեք ջրային բաղնիքի վրա՝ մինչև համասեռ զանգված կդառնա։

3. Ավելացրեք աղը, համեմունքներն ու ռեհանը, սխտորը։ Նորից խառնեք։ Անհրաժեշտության դեպքում սերուցքն ավելացրեք։

Սոուս «Պեստո»

Անհրաժեշտ բաղադրիչներ

◆ 1 ճ․գ․ ձիթայուղ

◆ 1 փունջ ռեհան

◆ 1 պճեղ սխտոր

◆ 40 գրամ մայրու ընկույզ

◆ 50 գրամ քերած պանիր (Պարմեզան)

◆ Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Ռեհանը, սխտորը և մայրու ծառի ընկույզը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք աղ, ձիթայուղ և վերածում ենք խյուսի։

2. Ավելացնում ենք պանիրը և նորից խառնում։

3. Պատրաստի սոուսը լցնու մենք մակարոնի վրա։

Սնկով և սերուցքով սոուս

Անհրաժեշտ բաղադրիչներ

◆ 750 գրամ շամպինյոն

◆ 225 մլ անյուղ սերուցք

◆ 2 ճ․գ․ սոյայի սոուս

◆ 2 ճ․գ․ բուսայուղ

◆ 1-2 պճեղ սխտոր

◆ Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Շամինյոնը բարակ կտրատել և տապակել մոտ 15 րոպե, մինչև սունկը ոսկեգույն կդառնա։

2. Սնկին ավելացնել սերուցքը և սոյայի սոուսը։ Շարունակել տապակել մոտ 3-5 րոպե։

3. Վերջում աղ անել և ըստ ցանկության՝ սխտոր։

4. Սոուսը խառնում ենք մակարոնի հետ և մատուցում։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին