Հավը ձմերուկի մեջ․ աննկարագրելի համեղ և յուրահատուկ

Հավը ձմերուկի մեջ, որն այսօր առաջարկում ենք միասին պատրաստել, այն ուտեստն է, որով կարելի է զարմացնել տան անդամներին և հյուրերին։ Այն շատ ավելի համեղ է ստացվում և յուրօրինակ, քան աղի վրա պատրաստված հավը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

◆ ձմերուկ

◆ հավ

◆ լիմոն

◆ խնկածաղկով և ռոզմարինով համեմունք

◆ սոյայի սոուս (150 մլ մեկ հավին)

◆ աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1․ Այնպիսի չափսի ձմերուկ ընտրեք, որ հավն ամբողջությամբ տեղավորվի մեջը։

Մարինադի համար ցանկացած համեմունք կարող եք օգտագործել։ Խորհուրդ է տրվում խնկածաղկի և ռոզմարինի խառնուրդով համեմունք օգտագործել։ Սոյայի սոուսը օգտագործեք մեկ կիլոգրամ հավին 120-150 մլ սոուսի հաշվարկով։ Քերեք լիմոնի կեղևը և խառնեք սոուսին և համեմունքներին։ Աղն ու պղպեղն ըստ ճաշակի արեք։

2․ Հավի մեջտեղում լիմոն դրեք․ մի քանի տեղից լիմոնը նախօրոք պատառաքաղով ծակծկեք։ Իսկ հավի վրայից լցրեք և տարածեք մարինադը։ Մի քիչ մարինադ էլ հավի մեջ լցրեք։ Թողեք 2-3 ժամ։

3․ Ձմերուկի վերևի և ներքի մասը կտրեք։ Վերևի հատվածը որպես կափարիչ կծառայի։ Ներքևի հատվածը քիչ կտրեք, որ չհասնեք միջուկին, հակառակ դեպքում հյութը դուրս կգա և ոչինչ չի ստացվի։ Ձմերուկի միջուկը գդալով հեռացրեք՝ շատ քի թողնելով պատերին։

4․ Մարինացված հավը տեղավորեք ձմերուկի մեջ և ծածկեք ձմերուկի կափարիչով։ Եփեք 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 120 րոպե։

5․ Երբ հավը պատրաստ լինի, ձմերուկը հանեք ջեռոցից։ Ձմերուկը դրեք ամանի մեջ, տակը կաթսա կամ խորը թաս դրեք և ձմերուկի վրա կտրվածք արեք։ Սպասեք, որ ամբողջ հյութը թափվի ամանի մեջ։ Այդ հյութի մեջ ավելացրեք ձմերուկի միջուկից մի փոքր մաս և բլենդերով հարեք։ Այս սոուսը կմատուցեք հավի հետ։

6․ Ահա և վերջ։ Հավը պատրաստ է։ Մատուցեք այն ձմերուկի սոուսով և զարմացրեք ձեր հյուրերին։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին